Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանի ԶՈւ–ն շարժվում է դեպի Ստեփանակերտ. Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է, որ չնայած հրադադարի պայմանավորվածությանը, ադրբեջանական ԶՈւ–ն շարունակում է հրետակոծել Արցախի տարբեր բնակավայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունում օկուպացված Հաթերք գյուղում ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչի են սպանել։ Տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանցիները ոչ միայն երեկ ժամը 13:00-ից չեն դադարեցրել կրակը, այլև մի քանի ժամ շարունակ կրակոցները հնչել են տարբեր ուղղություններով: Այսօր շարունակվել են հրադադարի ռեժիմի խախտումները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում խաղաղ բնակչի են սպանել»,– գրել է Բեգլարյանը։
Նրա խոսքով` հիմա հրետակոծությունները շարունակվում են, շարժվում են դեպի Ստեփանակերտ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Եվլախում։