Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանին
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, առկա են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդվում են:
ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ Իրանը մտահոգված է ստեղծված իրավիճակով և ընդգծել, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ու ամրապնդմանը:
Նշենք, որ Իրանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-իրանական իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: