ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությամբ պայմանավորված որոշեցի Տոյվո Կլաարին գործուղել տարածաշրջան։ Նա տեղից կզեկուցի իրավիճակի մասին»,– գրել է նա։
Նշենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել էր Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: