ՌԴ խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու համար. Պուտին

Վլադմիր Պուտին
ՌԴ նախագահը շեշտել է, որ սերտ կապի մեջ են հակամարտության բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։
«Ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինի խոսքով` Մոսկվան հուսով է, որ Ղարաբաղում կհաջողվի հասնել դեէսկալացիայի։
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և խնդիրը խաղաղ հուն տեղափոխելուն», - ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ ՌԴ խաղաղապահների տեղակայման հիմնական կետում ավելի քան 2000 քաղաքացիական անձ կա, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: