ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն, անդրադառնալով ԼՂ–ում ստեղծված իրավիճակին` կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որտեղ ամրագրված են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը։ Այս մասին գերատեսչությունը հայտարարություն է տարածել։
«Պետք է կանգնեցնենք զինված դիմակայությունը և անենք հնարավորը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը»,– ասված է հայտարարությունում։
ՌԴ ԱԳՆ–ն նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
«Սա փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նրանք նշում են, որ տարածաշրջանում տեղակայման պահից ի վեր ՌԴ խաղապահները բարեխղճորեն կատարել են հրադադարի ռեժիմի պահպանման և ադրբեջանական ու հայկական կողմերի միջև շփումների ապահովման խնդիրները։
Ասվում է նաև, որ ՌԴ խաղապահներն այս ժամերին էլ աջակցություն են ցուցաբերում քաղաքացիական բնակչությանը, զբաղվում են տարհանմամբ ու բժշկական օգնություն ցուցաբերում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։