ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
«Քրեական վարույթն իրականացվել է շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իրենց ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու, դրան ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով` ցեղասպանություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ»,– ասված է հաղորդագրությունում
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը, Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, դրանով մարդասիրական և ուղևորափոխադրումների անհնարինությանը, գազի և էլեկտրամատակարարման դադարեցմանը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, որն ունի էթնիկ զտման ու ցեղասպանության նպատակ։
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։