ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:
Կրեմլից էլ հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հնարավոր է եղել հաղթահարել հակամարտության սուր փուլը և ողջունել է ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման վերաբերյալ։
Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջնորդությամբ։
ՌԴ ղեկավարը հույս է հայտնվել, որ ապագայում իրավիճակը կզարգանա դեէսկալացիայի և կայունացման ուղղությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: