Մոսկվան չի ընդունում Հայաստանի կշտամբանքները. Պեսկովը` Լեռնային Ղարաբաղի մասին

Դմիտրի Պեսկով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհիմն է համարում այն մեղադրանքները, թե Մոսկվան չի կատարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարտավորությունները:
«Դե յուրե խոսքը Բաքվի գործողությունների մասին է իր իսկ տարածքում», - ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան չի կատարում Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության իր պարտավորությունները:
Պեսկովը նշել է, որ Կրեմլը Ղարաբաղի հետ կապված իրավիճակում առաջնորդվում է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2021-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններով։
«Երկրորդ կարևոր չափանիշն այս պահին այն է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի տարածքի ճանաչման մասին։ Սա նշանակում է, որ հայկական կողմը Ղարաբաղը ճանաչել է ադրբեջանական տարածքի անբաժանելի մաս։ Դա էապես փոխել է մի շարք դրույթներ, և մենք մեր հասցեին նման կշտամբանքներ չենք ընդունում, առավել ևս՝ հայկական կողմի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին որոշումից հետո», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։