ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերի դեպի Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ քննարկումներ են։ Այս մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
«Միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ»,–նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: