Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Մենք ի վիճակի չեղանք կանխելու հարձակումը. ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

Պատգամավորը շեշտել է, որ բոլորն աչք էին փակում այն բանի վրա, որ Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացնում իր ռազմական առավելությունը` սպառազինություն ստանալով Թուրքիայից ու Իսրայելից
Sputnik
։ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիության դիվանագիտությունն ի վիճակի չեղավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով ենթակոմիտեի ղեկավար, Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Նատալի Լուազոն:
«Մենք ի վիճակի չեղանք կանխելու հարձակումը, որը նախապատրաստվում էր մեր աչքի առաջ»,– ասել է Լուազոն միջազգային գործերի կոմիտեի` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգնության կոչերին:
«Բարձր ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի աջակցության խնդրանքը՝ պատճառաբանելով, որ պետք է խաղաղություն նախապատրաստել, այլ ոչ թե պատերազմ։ Ընդ որում, Ադրբեջանն ուժեղացնում էր իր` առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ սպառազինություն ստանալով, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից, ինչի վրա մենք աչք էինք փակում»,– ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունն անտեսել է այդ նախազգուշացումները:
«Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք կարծում են, որ մեր պասիվությունը «կանաչ լույս» է վառում իրենց առաջ»,– ասել է Լուազոն։
Նրա կարծիքով` դա ազդանշան կլինի, որ իրենց վրա հույս դնել չի կարելի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։