ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախում մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս թշնամուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական զինուժը շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։