ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է անվտանգության երաշխիքներ տալ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Մակրոնն Ալիևին կոչ է արել երաշխիքներ տրամադրել` նաև Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողությունը հաշվի առնելով։
«Մակրոնը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և սպառնալիք է տևական խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար»,– գրում է գործակալությունը։
Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել ապահովել Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքները:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: