ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սոցցանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատերը Ֆեյսբուքում անդրադարձել է կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային և գրառումներ կատարել։
Մասնավորապես, գրառումներից մեկում նա նշել է. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք` արեք, ասեք` բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո՛, զանգվածային անկարգություններ ա պետք, շենքեր գրավել ա պետք…»։
Մեկ այլ գրառման մեջ էլ գրել է. «Մահ Նիկոլին, ազատություն Արցախին», իսկ մյուսում էլ` «Ավելացնում եմ, որ Նիկոլին, իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։
ՔԿ–ից հայտնում են, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն։
Նշենք, որ սա վերջին ժամերի ընթացքում արդեն 5-րդ դեպքն է, երբ քրեական վարույթ է նախաձեռնվում սոցցանցում օգտատիրոջ կատարած գրառման համար։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են եղել քաղաքացիների ու ոստիկանական ուժերի միջև, կան տուժածներ ու բերման ենթարկվածներ։