ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան) հրաժարվել է Երևանում ելույթ ունենալ հայտնի ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ի համերգի բացման ժամանակ։
«Արցախում ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո ես որոշում կայացրեցի հրաժարվել Snoop Dogg-ի համերգին ելույթ ունենալուց։ Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերներն այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ի վիճակի չեմ ավելին ասելու», – գրել է Լյոկան Instagram-ի իր էջում։
Սոցիալական ցանցերում, միաժամանակ, բուռն քննարկվում է համերգն առհասարակ չեղարկելու հնարավորությունը Արցախում Ադրբեջանի հրահրած հերթական ագրեսիայի պատճառով։ Համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ:
Sputnik Արմենիայի տվյալներով` կազմակերպիչները դեմ չեն համերգը չեղարկելուն, սակայն ռեփերը չափազանց մեծ տուգանք է պահանջել և այժմ քննարկումներ են ընթանում նրա ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք` Snoop Dogg-ի համերգը նախանշված է «Հրազդան» մարզադաշտում։ Կազմակերպիչը «Դոպինգ Սփեյս» ընկերությունն է։ Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը կազմակերպությանը 2,318,596.8 հազար դրամ է հատկացրել։