ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերը իդեալական աշխարհում կարող էին ապրել ադրբեջանական տիրապետության ներքո, սակայն իրական պատմական փորձը դժվարացնում է դա պատկերացնելը։ Reuters լրատվական գործակալությանն այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը ԼՂ–ում հայերի անվտանգության համար։
Նա նաև նշել է, որ ԼՂ հայերը բաց են Բաքվի հետ բանակցություններ սկսելու համար, և այդ երկխոսությունը վճռորոշ նշանակություն ունի:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ՀՀ–ից հնչող դժգոհություններին, թե իր ռազմավարական դաշնակից և հովանավոր Ռուսաստանը բավարար ջանքեր չի ներդրել Բաքվի ռազմական նկրտումները ճնշումները համար` ՀՀ փոխարտգործնախարարն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի անվտանգության մասին կոնկրետ համաձայնագրեր, որոնք կիրառելի են նման իրավիճակների դեպքում:
Նշենք, որ Reuters–ը նաև գրում է, որ փոխնախարարը հարցազրույց է տվել այն բանից հետո, երբ «Ադրբեջանի հարձակողական գործողությունը կոտրեց անջատողականներին»։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: