Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Խաղաղապահները պետք է ապահովեն ԼՂ հայության` իր տանն անվտանգ ապրելու իրավունքը. Փաշինյան

ՀՀ վարչապետը շեշտեց, որ ԼՂ հայությունը պետք է կարողանա իր հողում արժանապատիվ ձևով ապրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի իրենց տներում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը։ Այս մասին իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության` կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունները։
«Ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցի մասին։ Տրամաբանորեն ենթադրվում է`եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, ինքնին նշանակում է, որ ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը։ Նրանք պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի պահպանվի սեփական տներում ապրելու ԼՂ հայության իրավունքը»,– նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ ԼՂ հայությունը պետք է կարողանա իր հողում արժանապատիվ ձևով ապրել։ Վարչապետը հույս հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն ամբողջությամբ կկատարի նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։