Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Կարևոր է ԵԱՀԿ մեխանիզմների հրատապ գործարկումը. Միրզոյանն ու ԵԱՀԿ նախագահը հանդիպել են

Բույար Օսմանին ու Արարատ Միրզոյանը
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորության մասին խոսել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Օսմանին ավելի վաղ տեղեկացրել էր, որ պատրաստվում է հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Միրզոյան–Օսմանի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում։
«Հանդիպման առանցքում են եղել սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները»,– նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։