ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդեմ կառավարության բազմամարդ բողոքի ակցիան։ Մասնակիցները բողոքում են Արցախի հարցում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունից։ Պահանջում են իշխանափոխություն իրականացնել և Արցախի ու արցախահայություն պաշտպանություն իրականացնել։
Այս պահին հրապարակում բավականին լարված իրավիճակ է։ Ցուցարարներն անեծքներ են ուղղում իշխանության ներկայացուցիչների և կառավարության շենքի առջև պատ կազմած ոստիկանների ուղղությամբ։
Ցուցարարները կոչ են անում ոստիկաններին միանալ իրենց։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան ՀՀ քաղաքացիներին բերել էր ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։
Բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների ու ոստիկանական ուժերի միջև բախումների հետևանքով եղան տուժածներ ու բերման ենթարկվածներ։
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։