ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը «ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը և մանրամասներ հայտնել։
«Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար»,-գրել է նա։
Նա նշել է, որ նշված հոդվածի մասը նախատեսում է 1-4 տարի ազատազրկում։
«Պետք է եզրակացնել, որ արդեն մի դատավոր գրած, պատրաստ ունի Նարեկին կալանավորելու որոշումը»,–նշել է փաստաբանը:
Նրա խոսքով` այս պահին Մալյանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և տեղափոխվելու է Երևան քաղաքի քննչական վարչություն:
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանին արդարացրեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։