Հոլանդացի ձյուդոիստները Լեռնային Ղարաբաղի իրավիճակի պատճառով չեն մեկնի Բաքու

Բաքու
Նիդեռլանդների ձյուդոյի ասոցիացիայի ներկայացուցիչն ասել է, որ վստահ չեն՝ կկարողանան արդյոք Բաքվում ապահով մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հոլանդացի ձյուդոիստները Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրման պատճառով չեն մեկնի Բաքու` մասնակցելու «Մեծ սաղավարտ» մրցաշարին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Նիդեռլանդական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիային։
«Մեծ սաղավարտը» Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի սեպտեմբերի 22–24–ը: Մրցաշարին պետք է 15 հոլանդացի ձյուդոիստ մասնակցեր։
«Որոշումը կայացվել է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով։ Թեև Բաքուն էսկալացիայի վայրից 300 կմ հեռավորության վրա է գտնվում, միևնույնն է` պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք վստահ չենք՝ կկարողանանք արդյոք այնտեղ ապահով մնալ»,– ասել է Նիդեռլանդների ձյուդոյի ասոցիացիայի ներկայացուցիչ Երուն դը Բրուինը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: