Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Կաթոլիկ հոգևորականի խոսքով` Լեռնային Ղարաբաղում առանց այդ էլ հումանիտար իրավիճակը վատթարացել է զինված բախումների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է խաղաղ լուծումներ գտնել հանուն մարդկանց բարօրության։
«Երեկ ես իմացա Լեռնային Ղարաբաղում տագնապալի լուրի մասին։ Այնտեղ առանց այդ էլ հումանիտար կրիտիկական իրավիճակը վատթարացել է զինված բախումների պատճառով։ Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը, որպեսզի զենքերը լռեցվեն և բոլոր ջանքերը գործադրվեն խաղաղ լուծումներ գտնելու համար` ի շահ մարդկանց և մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքի»,– Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ընդունելության ժամանակ ասել է Հռոմի պապը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։