ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը, ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տիրող իրավիճակին (նկատի ունի Լեռնային Ղարաբաղում, դիտարկում են Ադրբեջան–խմբ.)։ Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսություն՝ առանց բռնության կիրառման լուծում գտնելու և հումանիտար իրավիճակի հետագա դեգրադացիայից խուսափելու համար: ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով»,-գրել է Կոլոմինան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 32 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: