Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՀՀ կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժածներից 3–ը դեռ հիվանդանոցում են

Բախումների հետևանքով տուժածներից 33–ն անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ապաքինմամբ դուրս են գրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժած քաղաքացիներից երեքը շարունակում են բուժում ստանալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
«Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱՆ–ից հայտնում են նաև, որ բախումների հետևանքով տուժածներից 33–ն անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ապաքինմամբ դուրս են գրվել:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են եղել քաղաքացիների ու ոստիկանական ուժերի միջև, կան տուժածներ ու բերման ենթարկվածներ։