Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հայաստանյան եկեղեցիներում կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի

Մայր աթոռը բոլորին հրավիրում է մասնակցելու մատուցվող աղոթքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Թող Տերը զորավիգ լինի և Իր օրհնության ներքո պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս»,– նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Մայր աթոռը բոլորին հրավիրում է մասնակցելու մատուցվող աղոթքներին և հայցը բարձրացնելու առ Աստված` Արցախի մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։