Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներ տեղափոխող մեքենա է գնդակոծվել, կան զոհեր. ՊՆ

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են ռուս և ադրբեջանցի քննչական մարմինները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահների տեղափոխող մեքենա, այնտեղ գտնվող զինվորականները զոհվել են։ Այս մասին հայնում են ՌԴ ՊՆ-ից:
«Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ զինծառայողներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են», - գրված է հայտարարությունում։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են ռուս և ադրբեջանցի քննչական մարմինները։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: