Ֆեյք ձայնագրություն է. Քոչարյանը հերքում է Պուտինի հետ հեռախոսազրույցի լուրը

Նա ընդգծել է, որ ֆեյք ձայնագրության հայտնվելը հենց այս պահին կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում իրեն չեզոքացնելու փորձի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կեղտոտ և էժանագին կեղծիք է որակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբր հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությունը։ Այս մասին նա հայտարարություն է տարածել սոցցանցի իր էջերով։
Նշենք, որ «Բաղրամյան26» Telegram ալիքը տարածել է ՀՀ երկրորդ նախագահի ձայնի նմանվող ձայնագրություն, որտեղ իբր ՀՀ երկրորդ նախագահը թույլտվություն է հարցնում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինից իրավիճակից սահուն դուրս գալու համար` նշելով, որ նրա խոսքերը Հայաստանում վճռորոշ նշանակություն ունեն։
«Սա կեղտոտ և էժանագին կեղծիք է, որը պատրաստվել է նեյրոնային ցանցի տեխնոլոգիայի կիրառմամբ: Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է 2021 թվականի մայիսին՝ Մոսկվա կատարած այցիս ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը»,–հայտարարելէ Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ ակնհայտ է, որ այս ֆեյք ձայնագրության հայտնվելը հենց այս պահին կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներից իրեն չեզոքացնելու փորձի հետ։