Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են. դասադուլի կոչ է արվում

Շատ լսարաններում դասապրոցեսն ընդհատվեց։ Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով մեծանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մի խումբ երիտասարդներ երևանյան բուհերով առավոտից իրազեկման ակցիա են անցկացնում` ուսանողներին կոչ անելով անտարբեր չմնալ և միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիային` հանուն Արցախի փրկության։
Նրանք լսարան առ լսարան մտնում, դասախոսների ու ուսանողների հետ զրուցում, ներկայացնում են Արցախում տիրող մարդասիրական ճգնաժամն ու ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։
Շատ լսարաններում դասապրոցեսն ընդհատվեց։ Իրազեկման ակցիայի մասնակիցների թիվը գնալով մեծանում է, նրանց մեջ կան և՛ ուսանողներ, և՛ դասախոսներ։ Նրանք կոչ են անում անտարբեր չմնալ Արցախի խնդրին և դասադուլ անել։
Բուհերի անվտանգության աշխատակիցները չեն խոչընդոտում ակցիայի անցկացմանը։
Ակցիա իրականացնող երիտասարդների հետ հիմնականում վիճաբանության մեջ են մտնում և ընդդիմանում մի շարք դասախոսներ, որոնք երիտասարդներին կոչ էին անում բուհից դուրս իրականացնել իրենց ակցիան և չմիջամտել դասապրոցեսին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։