Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Բաքուն և Ստեփանակերտը կրակի լիակատար դադարեցման պայմանավորվածություն են ձեռք բերել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Պայմանավորվածությունների կատարումը կիրականացվի ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համակարգմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև մարտական գործողությունների լիակատար դադարեցման պայմանավորվածություն ձեռք է բերվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Պայմանավորվածությունների կատարումը կիրականացվի ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համակարգմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։