ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նրա տեղեկություններով` ևս 13 երեխա վիրավոր է։
Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել, որում զրուցում է ադրբեջանական հարձակումից տուժած 7-ամյա Ռուզան Հայրապետյանի հետ։
Փոքրիկ աղջնակը վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում, սակայն, բարեբախտաբար, դրանք լուրջ չեն։ Ռուզանից բացի վիրավորվել են նաև նրա քույրն ու եղբայրը։
Բեգլարյանը հայտնում է, որ երեխաները վիրավորվել են Սառնաղբյուր գյուղում։
Նրա տեղեկություններով` զոհված երկու երեխաների ծնողները չեն կարողանում գտնել իրենց երեխաների մարմինները։ Նրանց եղբայրը ևս վիրավոր է և բուժում է ստանում մանկական հիվանդանոցում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: