Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ

Մոմեր
Վիրավորների թվում 4 տասնյակից ավելին խաղաղ բնակիչներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախում դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 200 մարդ է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Ավելի քան 400 մարդ վիրավոր է։ «Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն, կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր»,– նշված է տարածած հաղոդագրության մեջ։
Ավելացել է նաև զոհերի և վիրավորների թիվը քաղաքացիական բնակչության շրջանում։ Արցախի ՄԻՊ–ի վերջին տեղեկություններով` խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40–ը, որոնցից 13-ը երեխաներ են: Այս պահի դրությամբ հաստատվել է քաղաքացիական անձանց մահվան 10 դեպք, նրանցից 5-ը երեխաներ են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է նաև փաստահավաք գործունեությունը անհայտ կորածների ճակատագրի պարզման համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: