ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հիմա քննարկումներ են ընթանում ազգային շարժումը համակարգող կոմիտե ստեղծելու ուղղությամբ։ Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Նրա խոսքով` ծրագիրն իրականացվում է, տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում։
Նա նշեց, որ վաղ` ժամը 6-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ կհայտարարվի կոմիտեի կազմը, կներկայացվեն նաև այն մանրամասները, թե ինչով է զբաղվելու կոմիտեն։
«Երկիրը ոտքի է կանգնելու, մենք այս փորձությունից ուժեղացած ենք դուրս գալու, մենք մեծ պրոբլեմներ են ունենալու Արցախի հարցում, բայց Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնելու»,– հայտարարեց Մանուկյանը։
Նա կոչ արեց ուսանողությանը միանալ շարժմանը` հիշեցնելով, որ 80-ականներին Արցախյան շարժման ժամանակ վճռորոշ դեր ուներ ուսանողությունը։
Սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, առավոտյան ժամը 7-ից լինելու են Եռաբլուրում` հարգանքի տուրք մատուցելու հերոսացած մեր հայրենակիցների հիշատակին, իսկ երեկոյան հավաքվելու են Հանրապետության հրապարակում։
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք սկսեցին դժգոհել, որ ամեն օր հավաքվում են Հանրապետության հրապարակում, ելույթներ լսում և տուն գնում` առանց որևէ կոնկրետ գործողություն իրականացնելու։ Վաղն արդեն ուշ է լինելու։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Արցախի և մեր երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրները լուծելու համար համաժողովրդական շարժում է պետք ձևավորել, իսկ դրա համար նախ պետք է 7-11 հոգուց կազմված կոմիտե ստեղծել, որը կղեկավարի այս շարժումը։