ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայերի դեմ հարձակումն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան վարչակարգի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Լեմկինի ինստիտուտը X-ի միկրոբլոգում։
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել Արցախում ապրող հայերի համար, որոնք Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման են ենթարկվում։
«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրանից բխող բժշկական արտակարգ իրավիճակների՝ Ադրբեջանի կողմից 9–ամսյա պաշարումից հետո, այլ նաև մահանալու վտանգի՝ քաղաքացիական հատվածներին հասցված ավիահարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և զանգվածային գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ Արցախը, ի վերջո, ստիպված եղավ թույլ տալ 2023 թ․ հունիսի 15–ից ի վեր առաջին օգնության առաքման մուտքն Աղդամի ճանապարհով»,– նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում։
Ինստիտուտից ընդգծում են, որ աշխարհը պետք է դիմակայի ադրբեջանական ագրեսիային և այս պահի հրամայականն է, որպեսզի հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։
«Եթե նման բան չարվի, ապա արդյունքում այդ ղեկավարները և պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար։ Ադրբեջանին չդիմակայելը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կբերի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում»,– նշված է հայտարարությունում։
Լեմկինի ինստիտուտից նաև նշում են, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։