Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել նաև Արցախի որոշ համայնքներ. Բեգլարյան

Բեգլարյանը նշել է, որ Արցախի որոշ հատվածների միջև կտրվել է ճանապարհային կապը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն Արցախում բացի ռազմավարական բարձունքներից և ճանապարհներից, վերահսկողության տակ է վերցրել նաև որոշ համայնքներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Նրանք նաև կտրել են ճանապարհային կապը Արցախի որոշ հատվածների միջև՝ ստեղծելով լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում։ Ժողովուրդը կանգնած է ջարդերի աճող վտանգի առաջ»,– գրել է Բեգլարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։