ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունները SMS հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ–ն։
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱՀ պաշտոնատար անձանց անունից SMS հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ–ն կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։ Իսկ զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։