Ադրբեջանի ԶՈւ–ն շարունակում է դիրքային առաջխաղացման գործողությունները. Արցախի ՊՆ

Զինծառայող. արխիվային լուսանկար
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս` պատճառելով կորուստներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։