Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկատվական հնարքներ է կիրառում. Արցախի ՊԲ–ն կոչ է հղել

Արցախի ՊԲ-ն անդրադարձել է Ադրբեջանի այն պնդմանը, թե իբր քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չեն բացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Նման հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, թե իբր քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չեն բացել:
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր՝ վերոհիշյալ կեղծ պնդումը։
«Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ։ Արցախի ՊԲ-ն կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։