Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Դադիվանքի նախկին վանահայրը

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Տեր Հովհաննես քահանային վիրահատել են Ստեփանակերտի հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ վիրավորում է ստացել Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է։ Վիրահատել են նրա փայծախը։ Առողջական վիճակը հիմա լավ է»,– նշեցին Մայր աթոռից։
Վիրահատությունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հիվանդանոցում։
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Արցախի Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայրն էր, որը Քարվաճառի` ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո հոգևոր ծառայության էր տեղափոխվել Մարտակերտի շրջանի Սուրբ Հակոբավանք եկեղեցի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։