ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախում Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով կա 200 վիրավոր, 27 զոհ։ X–ի իր միկրոբլոգում այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` զոհերի թվում 2-ը խաղաղ բնակիչներ են։
«Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի զինուժի կողմից շարունակվող լայնամասշտաբ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, որոնց թվում՝ 2 խաղաղ բնակիչ: Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը»,– գրել է Ստեփանյանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհի և 140 վիրավորի մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։