ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախահայությանը պաշտպանելու միայն մեկ տարբերակ կա` փոխել Հայաստանում իշխանությունն ու զենքը ձեռքին պաշտպանել Արցախը և Հայաստանը։ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա վստահ է, որ եթե այսօր ոտքի չկանգնենք ու չպաշտպանենք մեր երկիրը, ապա վաղը մեզնից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցու վիճակում։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ–ի ԳԱ–ում Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մասնավորաբար, Էրդողանն ասել է` հուսով է, որ Հայաստանն իր խոստումը կկատարի և կբացի «Զանգեզուրի միջանցքը»։
Չալաբյանը շեշտում է` Էրդողանին ոչ թե Արցախը, այլ Հայաստանն է պետք, ուստի առաջարկում է այսօր տուն չգնալ ու վաղը պարալիզացնել քաղաքը։
«Պատրաստ եղեք երկար կռվի։ Հոգնել չկա, պարտվել չկա, հիասթափվել չկա։ Շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,– հայտարարեց Չալաբյանը։
Նա վստահ է` ինչքան շուտ կարողանանք փոխել իշխանությունը, այնքան արագ կկարողանանք անցնել երկրի պաշտպանությանը։
Չալաբյանը շեշտեց` Արցախին այսօր պաշտպանություն է պետք։ Ակնհայտ է, որ եթե ՀՀ–ն Արցախը չպաշտպանի, ուրիշ ոչ մի պետություն դա չի անի, և 120 հազար հայությունը կենթարկվի ցեղասպանության։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։