Թուրքիան սպասում է «Զանգեզուրի միջանցքի» մասով Հայաստանի խոստումների կատարմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահի խոսքով` Հայաստանը չի օգտվում ներկայիս պատմական հնարավորությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի -Sputnik. Անկարան սպասում է Երևանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» բացման պարտավորությունների կատարմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ Թուրքիան նախաձեռնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Այդ նույն տրամաբանությամբ` Անկարան աջակցել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին։
«Ընդ որում, Հայաստանը բավարար չափով չի օգտվում այս պատմական հնարավորությունից։ Հույս ունենք, որ երկու երկրների միջև հնարավորինս շուտ կստորագրվի համապարփակ խաղաղության համաձայնագիր: Եվ մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի բոլոր խոստումներնու կբացի Զանգեզուրի միջանցքը», - ասել էԷրդողանը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Թուրքիայի նախագահի խոսքով` բոլորն այժմ ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք:
«Այլ կարգավիճակի պարտադրումը երբևէ չի ընդունվի», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։