Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել է. ՔԿ

Տիգրան Ուրիխանյանն ու Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ սոցիալական հարթակներում առկա են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր պարունակող այլ հրապարակումներ ևս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Տիգրան Ուրիխանյանն իր «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ու յութուբյան ալիքում տեսագրություն է հրապարակել, որում պարունակել են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
Մասնավորապես, իր հրապարակած տեսանյութում նա ասում է. «...կոչ եմ անում պատրաստվել, դուրս գալ փողոց ու ցխել սրանց սաղին»։
Վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն:
Նշվում է, որ սոցիալական հարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ներկա պահին ուսումնասիրվում են։