Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Սոֆիա–Երևան չվերթը ԼՂ–ում իրավիճակի սրման պատճառով վայրէջք է կատարել Քութայիսում

Sputnik Արմենիայի հետ զրույցում«Քութայիս» օդանավակայանից հաստատեցին, որ Երևան ուղևորվող չվերթը վայրէջք է կատարել իրենց մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Wizz Air» ավիաընկերության` Սոֆիա–Երևան W6 4423 չվերթի ինքնաթիռը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին վայրէջք է կատարել Վրաստանի «Քութայիս» օդանավակայանում։
Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել ուղևորներից մեկի հետ և մանրամասներ իմանալ։

«Մինչև Երևան հասնելը թռիչքին 20 րոպե էր մնացել, արդեն վայրէջքի մասին հայտարարություն արել էին, հետո հայտարարեցին, թե տեխնիկական խնդիր կա, Երևան չեն թռչում: Ինքնաթիռը լիքն էր, կային ռուսներ, որ Բուլղարիայից Երևանով տրանզիտ էին թռչում։ Մեզ իջեցրին «Քութայիս» օդանավակայանում, ասացին, որ տեխնիկական խնդիր չէր, այլ անվտանգային: Սկզբից խոստացան ավտոբուսներով տանել Երևան, հետո ասացին, որ դա էլ է վտանգավոր: Հիմա գնում ենք Թբիլիսի»,–ասաց նա` հայտնելով, որ դեռ հայտնի չէ, թե Թբիլիսիից Երևան ինչպես են հասնելու և ում հաշվին։

Նշենք, որ «Քութայիս» օդանավակայանից մեզ հաստատեցին, որ Երևան ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել իրենց օդանավակայանում։ Այլ մանրամասներ չհայտնեցին։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից, այնտեղից խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ։
Նշենք, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված` ղազախական «Air Astana» ավիաընկերությունը ևս հայտարարություն է տարածել։
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված սկսել է շրջանցել այդ տարածքը»,– հայտնում է Sputnik Ղազախստանը։
Հավելենք, որ ավելի ուշ մեզ հետ կապ հաստատած ուղևորը հայտնեց, որ իրենց ավտոբուս են տրամադրել, որպեսզի գան Երևան։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։