ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երկու երթուղով (Ակնա և Լաչին–խմբ.) մարդասիրական բեռի առաքումը պետք է դառնա առաջին քայլը դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական առաքումների անարգել մուտքի համար։ X–ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
«Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ է ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է դառնան առաջին քայլը միջազգային իրավունքին և ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան անվերապահ և անարգել մարդասիրական հասանելիության ճանապարհին»,– նշել է Կոլոննան` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումների հարցը:
Ավելի վաղ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռի առաքումը ողջունել էին Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18–ի առավոտյան Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։