Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՌԴ պաշտպանության նախարարն ու Իրանի ԶՈւ ԳՇ պետը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Սերգեյ Շոյգուն առաջարկել է քննարկել ռազմական արդիական հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թեհրանում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Նշվում է, որ Սերգեյ Շոյգուն է առաջարկել ռազմական արդիական հարցեր քննարկել` նշելով, որ նկատի ունի Սիրիայի ու Աֆղանստանի հարցերն ու այսօր Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։

«Դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն այսօր և վաղն օրվա ընթացքում»,– շարունակել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նա հայտնել է, որ դրանք կրթական, փորձի փոխանակման, պատվիրակությունների փոխայցերի ու համատեղ ռազմածովային զորավարժությունների թեմաներն են։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կա 5 զոհ, 80 վիրավոր։