ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իրավիճակը կարգավորելու համար պետք է ոչ թե սադրել այն, այլ աշխատել կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «ռուսական խաղաղապահ զորակազմը չի կատարել խնդիրը Լեռնային Ղարաբաղում»։
Նրա խոսքով՝ Երևանից տարբեր հայտարարություններ են հնչել։
«2020 թվականի հոկտեմբերի 7-ին նույն ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող և երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, դա բացառվում է։ Հետո նա այլ բան հայտարարեց, երևի իրեն էլ պետք է նույն կերպ վերաբերվել»,-ասել է Զախարովան։
Նա նշել է, որ իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է կատարել այն ամենը, ինչի շուրջ պայմանավորվել են կողմերը` չհրահրել իրավիճակը, աշխատել դրա կարգավորման ուղղությամբ, պատասխանատու լինել ստանձնած պարտավորությունների կատարման առումով: