ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը»,– ասել է նա:
Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։