Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Մոտ 7000 մարդ է տարհանվել Արցախի 16 համայնքներից. Արցախի ՄԻՊ

Խաղաղ բնակչության տարհանումներն իրականացվել են Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մոտ 7000 բնակիչ է տարհանվել Արցախի 16 համայնքներից։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական բնակավայրերից տարհանվել է ավելի քան 7000 մարդ»,– գրել է Ստեփանյանը:
Ավելի վաղ նա գրառում էր կատարել` նշելով, որ բնակիչներին տարհանել են Ասկերանի և Մարտունու շրջանների 6 համայնքներից։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։