Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՀՀ ներկայացուցիչը Արցախում ադրբեջանական ագրեսիայի հարցով դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը պահանջում է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
ՀՀ ներկայացուցիչը պահանջում է միջանկյալ միջոց կիրառել այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով։
Նշվում է, որ մասնավորապես պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։