ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի իր ներկայացուցիչներն ունենալու, ինչպես նաև պաշտպանվելու այն էթնիկ զտումներից և ցեղասպանությունից, որոնք այս պահին իրականացնում է Բաքուն։ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ Հայաստանը կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, գործընկերների հետ աշխատանք է տարվում ԼՂ ժողովրդի իրավունքները և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Սաֆարյանն ընդգծեց, որ այդ հարցը պետք է լուծվի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմների շրջանակում, Բաքուն այս պահին փորձում է ձախողել այդ օրակարգը։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։