Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանին. Արցախի ԱԳՆ–ն պահանջում է գործուն քայլեր ձեռնարկել

Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն շեշտում է` Ադրբեջանի գործողությունները վկայում են, որ բոլոր քայլերը նախապես ծրագրված են եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի արտգործնախարարությունը միջազգային հանրությունից պահանջում է գործուն քայլերով կանգնեցնել Ադրբեջանին։ Գերատեսչությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում է խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին: Այս հայտարարությունը տարածել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ կատարել` հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար: Ժամեր առաջ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն էր տարածել, թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:
Դրանից քիչ անց էլ տարածել են հաղորդագրություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն»։
Արցախի ԱԳՆ–ից շեշտում են` այս գործողությունները վկայում են, որ բոլոր քայլերը նախապես ծրագրված են եղել:
«Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կա 5 զոհ, 80 վիրավոր։